Մենք բոլորս

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, 
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, 
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, 
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Չարենցյան բառարան

տրտում – տխուր, թախծոտ, թախծահար, թախծալի, վշտահար, վշտոտ, սրտաբեկ

հոգնաբեկ – հոգնելով ջարդված, շատ հոգնած:

աշխարհային – երկրային, աշխարհիկ

Ընտրել եմ այս բանաստեղծությունը , քանի որ այն բնորոշում է այս պահին կատարվող իրավիճակի մասին :

Պատմում է Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ.

Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումսհանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատը համբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին և ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծը արտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդկարծելու պահին, երբ ապտակդ կերա, – ավելացրեց Չարենցը, – ամեն ինչ իրար խառնվեց ,թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

– Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *